Սուրբ Պետրոսի հրապարակում  ավանդական կիրակնօրյա  քարոզի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը անդրադարձել էր նոյեմբերի 14-ին Փարիզում իրականացված արյունալի ահաբեկչությանը: Նա կոչ էր արել չօգտագործել  կրոնը դաժանությունը արդարացնելու համար: <<Պետք չի Աստծո անունը օգտագործել  բռնությունը և ատելությունը արդարացնելու համար: Դա աստվածանարգություն է>>-ասել էր կաթոլիկ Հովվապետը: Պապի խոսքով ինքը ցնցված է  Փարիզում կատարված  արյունալի հարձակումներից: <<Անհասկանալի է, ինչպես կարող են մարդու սրտում   նման խորհուրդներ ծնվել և հետագայում իրականացվել>>-հայտարարել էր Պապը և  հավելել. <<Բռնության  և ատելության ճանապարհը  չի  կարող լուծել   մարդկության առջև ծառացած խնդիրները>>: Վատիկանի պետքարտուղար,  կարդինալ Պիետրո  Պարոլինը  Պապի անունից  ցավակցական հեռագիր էր ուղարկել Փարիզի արքեպիսկոպոս  Անդրե Վեն Թրուային:<<Տեղեկանալով  բազմաթիվ  զոհերի մասին  Ֆրանցիսկ I Պապը աղոթում է զոհերի հարազատների ու մերձավորների համար և իր հոգևոր աջակցությունն է հայտնում  նրանց>>-ասված է հեռագրում: