Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը անդրադարձել էր նոյեմբերի 14-ին Փարիզում իրականացված արյունալի ահաբեկչությանը: Նա կոչ էր արել չօգտագործել կրոնը դաժանությունը արդարացնելու համար: <<Պետք չի Աստծո անունը օգտագործել բռնությունը և ատելությունը արդարացնելու համար: Դա աստվածանարգություն է>>-ասել էր կաթոլիկ Հովվապետը: Պապի խոսքով ինքը ցնցված է Փարիզում կատարված արյունալի հարձակումներից: <<Անհասկանալի է, ինչպես կարող են մարդու սրտում նման խորհուրդներ ծնվել և հետագայում իրականացվել>>-հայտարարել էր Պապը և հավելել. <<Բռնության և ատելության ճանապարհը չի կարող լուծել մարդկության առջև ծառացած խնդիրները>>: Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Պապի անունից ցավակցական հեռագիր էր ուղարկել Փարիզի արքեպիսկոպոս Անդրե Վեն Թրուային:<<Տեղեկանալով բազմաթիվ զոհերի մասին Ֆրանցիսկ I Պապը աղոթում է զոհերի հարազատների ու մերձավորների համար և իր հոգևոր աջակցությունն է հայտնում նրանց>>-ասված է հեռագրում: