Christian Post-ի տեղեկացմամբ` Հնդկաստանում ավարտվել է 2008 թվականին հարյուր քրիստոնյաների սպանության գործի հետաքննությունը: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին: Քննչական հանձնաժողովի նախագահ, դատավոր Նայդուի խոսքով հանցագործության հետաքննության համար ութ տարի պահանջվեց, որովհետև շատերը չէին ցանկանում համագործակցել հետաքննության հետ` այդ թվում նաև տեղի իշխանությունները: Նշենք, որ 2008թվականին Հնդկաստանի Օրիս նահանգում քրիստոնյաների վրա կատարված հարձակումների արդյունքում սպանվել է 100 քրիստոնյա, ավելի քան 56 հազարը անօթևան էին դարձել, 300 եկեղեցիներ և 6 հազար տներ ավերվել ու թալանվել էին: Տեղի թեմի արքեպիսկոպոս Ջոն Բարվան նշել է, որ 2008 թվականի դեպքերից հետո այդ շրջանում բնակվող քրիստոնայների հավատքը ավելի է ամրացել: Ներկայումս Հնդկաստանում դարձյալ ակտիվացել են հինդու արմատականները: Նրանք այլ կրոնների հետևորդների դեմ ակցիաներ են անցկացնում, մասնավորապես հարձակումներ կատարում քրիստոնյաների և մուսուլմանների դեմ: Իրավապաշտպան Ջագադիշ Չանդրի խոսքով հինդու արմատական գաղափարները թափանցել են կառավարական, ոստիկանական և դատական շրջաններ, ինչը հանգեցնում է Հնդկաստանի սահմանադրությամբ երաշխավորված արդարադատության, հավասարության և աշխարհիկության սկզբունքների խախտումներին: