Հայկական լրատվամիջոցների համաձայն`Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Էկումենիկ արարողությանը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ ծառայել էր Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց ցեղասպանության նահատակների համար բարձրացված էկումենիկ աղոթքը հնչել էր նաև, որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց միանալու արդարության հաղթանակի համար աղոթքին: Մարդիկ պետք է իրենց ձայնը բարձրացնեն ցեղասպանության դեմ պայքարում, աղոթեն աշխարհում խաղաղության հաստատման համար: Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել էր Լոնդոնի հայկական սուրբ Եղիշե եկեղեցու երգչախումբը: