Սեպտեմբերի 19-ին եռօրյա հովվական այցով Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ժամանել է Կուբայի մայրաքաղաք Հավանա: Կուբացիները Պապին ջերմ ընդունելություն են ցույց տվել: Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել էր Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Ընդունելության հանդիսավոր արարողությունից հետո Ֆրանցիսկ Պապը ուղևորվել էր Կուբայում Վատիկանի ներկայացուցչության շենքը: Գրեթե 18կմ երկարություն ունեցող ամբողջ ճանապարհին կաթոլիկ Հովվապետին ողջունելու համար հավաքվել էին ավելի քան 100 հազար կուբացիներ: Իր սովորության համաձայն Պապը հրաժարվել էր զրահապատ մեքենայից և տեղաշարժվում էր բաց ավտոմեքենայով, որպեսզի մոտ գտնվի ժոովրդին: Սեպտեմբերի 20-ի առավոտյան Հավանայի կենտրոնական հեղափոխության հրապարակում և հարակից փողոցներում հավաքվել էր ավելի քան 300 հազար մարդ մասնակցելու Պապի կողմից մատուցվող պատարագին: Պատարագին ներկա էին գտնվել Ռաուլ Կաստրոն, Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները, Կուբայում հավատարմագրված բոլոր դեսպանները, համաշխարհային լրատվամիջոցները ներկայացնող բազմաթիվ լրագրողներ,հազարավոր ուխտավորներ այլ պետություններից: Ժողովրդի մոտով անցնելիս Պապը հաճախ կանգնեցրել էր մեքենան, իջել էր , մարդկանց ձեռքերը սեմել, օրհնել: Նա շփվել և օրհնել էր ծանր հիվանդ մարդկանց խմբին: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկ I-ը խոսել էր սիրո, կարիքավորների, սոցիալական ցածր աստիճանում գտնվող մադրկանց հանդեպ գթասրտության մասին:<< Քրիստոսը մեզ կանչել է հոգ տանել անօգնական մարդկանց, տառապյալներին հուսահատվածներին: Մեր Տերը կոչ է անում սիրել նրանց: Իսկ սերը արտահայտվում է կոնկրետ գործերով և որոշումներով>>-մասնավորապես հայտարարել էր կաթոլիկ Հովվապետը: