Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հերթական անգամ անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանությանը: <<Վատիկանի ռադիո>>-ի համաձայն սեպտեմբերի 7-ի առավոտյան սուրբ Մարթայի մատուռում Պապը պատարագ է մատուցել, որին ներկա են գտնվել հայ կաթոլիկ եպիսկոպոսներ` Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի գլխավորությամբ: Իր խոսքում Ֆրանցիսկ I-ը անդրադարձել էր քրիստոնյաների հալածանքների թեմային: Նա նշել էր, որ այսօր էլ քրիստոնյաները սպանվում են, տեղահան լինում, զրկանքների ենթարկվում: <<Չկա քրիստոնեություն առանց հալածանքի>>-ասել էր Պապը: Պապի խոսքով այսօր շատ կառավարություններ կարող են դադարեցնել այդ ամենը, սակայն լռում են և իրենց լռությամբ մեղսակից են դառնում կատարվող հանցագործություններին: Նա խոսել էր հայ ժողովրդի կրած հալածանքների մասին: << Հայերը քրիստոնեություն ընդունած առաջին ժողովուրդն է: Հայ ժողովուրդը հալածվել է, տեղահանվել իր հայրենիքից , աքսորվել անապատ:Այն ինչ որ արել են Հիսուսին, պատմության ընթացքում արել են նաև Հիսուսի Մարմնին` Եկեղեցուն>>-ասել էր Պապը: Դիմելով պատարագին ներկա հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին հայտարարել էր.<<Ցանկանում եմ գրկել ձեզ, հիշել այն հալածանքը, որ դուք կրել եք, հիշել ձեր բոլոր սրբերին, ովքեր մահացել են քաղցից, խոշտանգումներից, սպանվել են միայն նրա համար, որ քրիստոնյա էին>>: