Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Վաշինգտոնի  սուրբ Մատթեոսի տաճարում հանդիպել էր  ամերիկացի եպիսկոպոսների հետ: Իր խոսքում Պապը անդրադարձել էր  կաթոլիկ հոգևորականության շրջանում  տեղ գտած սեռական բռնությունների թեմային: <<Ես հասկանում եմ, թե որքան ծանր էր ձեզ համար և ամբողջովին աջակցում եմ սեռական բռնությունների զոհերին օգնելու,  ապաքինելու  ձեր  ցանկությանը և ջանքերին: Մենք պետք է ջանանք և համոզված լինենք, որ նման հանցագործություններ այլևս չեն կրկնվի >>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նա գովաբանել էր  եպիսկոպոսներին, որ նրանք աշխատում են  սեռական բռնարարքների զոհերի հետ` չվախենալով և չխուսափելով քննադատություններից: Կաթոլիկ Հովվապետը խոսել էր նաև արդի աշխարհի բազմաթիվ խնդիրների մասին, որոնց  բախվում է եկեղեցին: <<Սովամահ լինող երեխաներ, հղիության արհեստական ընդհատման զոհեր,  գաղթականներ, ովքեր խեղդվում են ճանապարհին, անտեսված տարեց կամ հիվանդ մարդիկ, ահաբեկչության զոհեր,  պատերազմներ, բռնություններ, թմրամիջոցներ,  մարդու գիշատիչ վերաբերմունքի հետևանքով աղքատացած շրջակա միջավայր: Այս ամենի  հանդեպ չի կարելի  անտարբեր մնալ>>-ասել էր Պապը: Նա շնորհակալություն էր հայտնել  եպիսկոպոսներին  գաղթականներին օգնելու համար:<<Մի վախեցեք նրանց ընդունել: Համոզված եմ, որ այդ մարդիկ կհարստացնեն  Ամերիկան և եկեղեցին>>-հայտարարել էր Պապը: Նշենք, որ սեպտեմբերի 22-ից Հռոմի Պապը հնգօրյա   այցով գտնվում է ԱՄՆ-ում: Սպիտակ Տանը նա հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի հետ: Մոտ 40րոպե տևած զրույցից հետո Օբաման Պապին նվիրել է ճախրող աղավնու քանդակ և  կաթոլիկ սրբերի շարքին դասված առաջին ամերիկուհի Էլիզաբեթ Էնն Սեթոնի տան բանալին: