Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը խստորեն դատապարտել է Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մարտի 28-ին սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված խոսքում Պապը ասել էր.<<Սիրելի քույրեր և եղբայրներ: Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով Սուրբ Հարության տոնը արյունով է ներկվել: Զոհվել են անմեղ մարդիկ, քրիստոնյաներ, կանայք և երեխաներ, ովքեր հավաքվել էին զբոսայգում ուրախ անցկացնելու Հարության տոնը>>: Ֆրանցիսկ I-ը ցավակցություն էր հայտնել զոհվածների հարազատներին և ներկաներին խնդրել էր միասին աղոթել նրանց համար: << Ես դիմում եմ Պակիստանի քաղաքացիական իշխանություններին և սոցիալական կառույցներին, որպեսզի հնարավոր ամեն ինչ անեն բնակչության անվտանգությունը ապահովելու համար, մասնավորապես ամենախոցելի խավի` կրոնական փոքրամասնությունների>>-նշել էր Ֆրանցիսկ I-ը: