Փարիզի հարևանությամբ գտնվող Արնուվիլ քաղաքում իրաքցի քրիստոնյաների համար եկեղեցի են բացել: Բացման հանդիսավոր արարողությունը կատարել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու պատրիարք, Բաղդադի արքեպիսկոպոս Լուիս Ռաֆաել Սակոն: Նա շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի կառավարությանը իրաքցի փախստական քրիստոնյաներին օգնելու համար: Դիմելով իրաքցի քրիստոնյաներին Պատրիարքը կոչ էր արել շնորհակալ լինել և բարի վերաբերմունք դրսևորել իրենց ապաստան տված Ֆրանսիայի իշխանություններին: <<Դարձեք Ֆրանսիայի հայրենասերներ, սակայն պահպանեք ձեր լեզուն, հավատքը և ավանդույթները>>-ասել էր Լուիս Ռաֆաել Սակոն: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: Նա իր ելույթում ասել էր.<< Կարող եք վստահ լինել: Ֆրանսիան շարունակելու է օգնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, ովքեր ներկայումս ցեղասպանության են ենթարկվում իրենց հավատքի համար>>: Նախարարի խոսքով իշխանությունները օգնություն կտրամադրեն ինչպես կացարանի, այնպես էլ ֆրանսիական հասարակությանը ինտեգրվելու հարցերում: Նշենք, որ Փարիզից 15կմ հեռավորության վրա գտնվող Արնուվիլ քաղաքում գտնվող քաղդեական քրիստոնյաների փոքր համայնքը արդեն ընդունել է Իրաքից ավելի քան 11 հազար փախստականների: