<<Le Monde>>թերթի համաձայն`Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը փորձում է Վատիկանին համոզել հետաձգել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել Հռոմի Պապի այցը Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն(ԿԱՀ), որը նախատեսված է նոյեմբերի 29-30-ին: << Մենք անվտանգության պապական ծառայությանը տեղեկացրել ենք, որ Կենտրոնական- Աֆրիկյան Հանրապետություն այցը մեծ ռիսկի հետ է կապված>>-հայտարարել են նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները: Նշենք, որ Պապի այցը տեղի է ունենալու աֆրիկյան այդ երկրում կայանալիք ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: ԿԱՀ-ում չեն դադարել զինված բախումները իսլամական <<Սելեկա>> և քրիստոնեական աշխարհազորային <<Անտի բալակա>> խմբավորումների միջև: Ֆրանսիացի ռազմական փորձագետների կարծիքով ընտրությունների նախօրեին բախումները մի նոր թափ կստանան: Ներկայումս այդ երկրում գտնվում են ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր, այդ թվում նաև ֆրանսիացի 900 զինվորներ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կարծիքով Պապի այցի պատճառով ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգի կգան հազարավոր քրիստոնյաներ նաև հարևան երկրներից, ինչը կարող է անկայունացնել առանց այդ էլ լարված իրավիճակը: Պաշտպանության նախարարությունը պարզորոշ հասկացրել էր, որ ֆրանսիական կոնտինգենտը չի կարող երաշխավորել Պապի անվտանգությունը: Ֆրանսիացի զինվորները կարգ ու կանոն են պահպանում մայրաքաղաքում և օդանավակայանում: <<Դրանից ավելի մենք ոչինչ չենք կարող անել>>- հայտարարել են ֆրանսիացի բարձրաստիճան սպաները: Սակայն Ֆրանցիսկ I-ը մտադիր չի հրաժարվել այցելությունից: <<Պապը վճռական մարդ է>>-գրել է թերթը: