Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լիբանան կատարած երկօրյա պաշտոնական այցի ժամանակ այցելել էր Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող փախստականների ճամբարներից մեկը, որում բնակվում են ավելի քան 600 սիրիացիներ` հիմնականում կանայք և երեխաներ: Նախագահը բարձր է գնահատել փախստականների հանդեպ Լիբանանի բարեկամական վերաբերմունքը և նրանց ցուցաբերվող աջակցությունը: Ճամբարի բնակիչների հետ զրուցելուց հետո Օլանդը հայտարարել էր.<< Նրանք չեն ցանկանում Եվրոպա գալ, նրանք ցանկանում են հնարավորինս արագ վերադառնալ Սիրիա և մասնակցել երկրի վերականգմանը>>: Բեյրութում պաշտոնական հանդիպումների ժամանակ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա երկու տարիներին Ֆրանսիան կարող է ընդունել երեք հազար փախստական և Լիբանանին 100 միլիոն եվրո է տրամադրելու փախստականներին օգնելու համար: Ֆրանսուա Օլանդը խոստացել էր նաև ռազմական օգնություն ցուցաբերել Լիբանանին ` <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից ավելի ու ավելի մեծացող վտանգի պայմաններում: