Իտալական Corriere della Sera թերթի համաձայն Ֆիլիպիններում առևանգել են Իտալիայի քաղաքացի, նախկին միսիոներ քահանա Ռոլանդո Դել Տորկիոյին: Թերթի համաձայն 56-ամյա իտալացին ներկայումս բնակվում է Դիպոլոգ քաղաքում, որտեղ գործում են մուսուլման անջատողական տարբեր խմբավորումներ: Ականատեսների վկայությամբ Ռոլանդո Դել Տորկիոյին առևանգել են յոթ զինված մարդիկ: Նրան նստեցրել են արագընթաց մոտորանավակը և տարել անհայտ ուղղությամբ: Սա առաջին դեպքը չի, որ Ֆիլիպիններում առևանգում են օտարերկրացիների: Վերջին մի քանի ամսիների ընթացքում առևանգել են Կանադայի և Նորվեգիայի քաղաքացիների: Ֆիլիպինների կառավարությունը երկրի հարավում լայնածավալ գործողություններ է իրականացնում <<Աբու Սայիաֆ>> ահաբեկչական խմբավորման դեմ` նպատակ ունենալով ազատել առևանգված օտարերկրյա քաղաքացիներին: Ֆիլիպինների իրավապահների տվյալներով հենց այդ խմբավորումն է առևանգում մարդկանց և պահում Խոլո կղզում: Նշենք, որ << Աբու Սայիաֆ>> խմբավորումը ստեղծվել է 1990-ականների սկզբին Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ֆինանսավորմամբ: 2004 թվականին այդ խմբավորումը պայթեցրել էր մի լաստանավ, զոհվել է ավելի քան 200 մարդ: Խմբավորումը առևանգում է մարդկանց փրկագին ստանալու նպատակով: Իսկ այն պատանդներին, որոնց համար փրկագին չեն ստանում, գլխատում են: