Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը Եգիպտոս կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս II-ի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը հայտարարել էր, որ քրիստոնյաները հինավուրց ժամանակներից Իրաքի հասարակության անբաժանելի մասն են կազմում: Նրա խոսքով Իրաքի տարբեր վայրերում կառուցված հին տաճարները վկայում են, որ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են այդ տարածքում: Անդրադառնալով <<Իսլամական պետություն>> խմբավորման վայրագություններին, նախագահը նշել էր, որ իսլամիստ գրոհայինները սպանում են ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև շիա և սուննի մուսուլմանների, իսկ բռնագրաված տարածքներում ոչնչացնում են քրիստոնեական տաճարները և մուսուլմանական մզկիթները: Ֆուադ Մասումը Պատրիարք Թավադրոս II-ին տեղեկացրել էր, որ Իրաքի կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում քրիստոնյաներին և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնություններին պաշտպանելու համար:Սակայն վերջերս Իրաքի Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն հայտարարել էր, որ իշխանությունները խոստումները չեն կատարում: Պատրիարքը ցավով նշել էր, որ քրիստոնյաները նախկինի նման ենթարկվում են խտրական վերաբերմունքի և հալածանքների: