Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Օկլահոմա Սիթիի կառավարության շենքի առջև տեղադրված Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների կողմից քրիստոնեական տաճարների ոչնչացման հետ: <<Մենք ցնցված էինք այն լուրերից, որ Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ոչնչացնում են քրիստոնեական բոլոր խորհրդանիշները: Սակայն նույնն է կատարվում մեզ մոտ` Ամերիկայում: Աթեիստները, հակակրոնական այնպիսի խմբերը, ինչպիսիք են <<Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը>>, << Կրոնից ազատ հիմնադրամը>> ձգտում են ոչնչացնել այն ամենը, ինչը կապված է Հիսուսի անվան հետ>>-գրել էր Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի էջում: Շարունակելով իր միտքը` նա գրել էր.<<Ինչ են մտածում այդ մարդիկ: Մեզ անհրաժեշտ են Աստծո օրենքները: Դրանք այն օրենքներն են, որոնք օգնում են մեր հասարակությանը բարգավաճել>>: Ավարտելով իր խոսքը Գրեհեմը քրիստոնյաներին միաբան աղոթելու կոչ էր արել: