Լիբանանի հունա-կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իսամ Հովհաննես Դարվիշը <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչությունից հետո Եվրոպան պետք է վերանայի իր վերաբերմունքը Սիրիայի կոնֆլիկտի նկատմամբ: Նրա խոսքով այդ ահաբեկչությունը անխուսափելի էր: << Մենք գիտենք, որ <<Իսլամական պետությունը>> վտանգավոր է ողջ աշխարհի համար: Սակայն Եվրոպան լուրջ չէր վերաբերում դրան: Վերջին դեպքերը ստիպելու են այլ կերպ նայել իրավիճակին>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա կարծիքով անհրաժեշտ է ավելի ակտիվ գործողություններ իրականացնել և Արևմուտքը ահաբեկչության դեմ պայքարում պետք է համագործակցի Սիրիայի կառավարության հետ: Իսամ Հովհաննես Դարվիշը հիշեցրել էր, որ Փարիզի ահաբեկչությունից մի քանի օր առաջ իսլամիստները պայթյուններ էին իրականացրել Բեյրութում, որին զոհ է գնացել ավելի քան 40 մարդ: << Լիբանանցիները կիսում են ֆրանսիացիների ցավը, սակայն ֆրանսիացիները և մյուսները պետք է կիսեն նաև մեր ցավը>>-հայտարարել էր լիբանանցի բարձրաստիճան հոգևորականը:Նրա խոսքով քանի դեռ Սիրիայում չի ավարտվել պատերազմը, ահաբեկիչների համար Եվրոպան կշարունակի մնալ որպես թիրախ: << Սիրիայում կռվող երիտասարդ եվրոպացիները ենթարկվում են ուղեղի լվացման: Եվրոպա վերադառնալուց հետո նրանք այլևս չեն կարողանում ապրել առանց կռվի և դա շատ վտանգավոր է>>-նշել էր արքեպիսկոպոսը: Ներկայումս Իսամ Հովհաննես Դարվիշի ղեկավարած թեմը գտնվում է Սիրիայի հետ սահմանակից Զահլի և Ֆուրզուլիա քաղաքներում: Թեմը ապաստանել է Սիրիայից փախստական 800 ընտանիքների: Այդ հարցում նյութական մեծ օգնություն է ցուցաբերում< Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպությունը: