Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է էկումենիկ ավանդական աղոթքը, որին մասնակցում են Վրաստանի 4 քրիստոնեական հարանվանություններ` Հայ առաքելական եկեղեցին, Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին, Ավետարանական -լյութերական եկեղեցին և Ավետարանական- բապտիստական եկեղեցին: Յուրաքանչյուր տարի աղոթքը անցկացվում է այդ եկեղեցիներից մեկի առաջնորդությամբ: Այս տարի աղոթքը առաջնորդել էին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես էր եկել Հարավային Կովկասում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Ջուզեպե Պազոտոն: Աղոթել էին աշխարհում արյունահեղության և ահաբեկչության դադարի, քաղաքական լարվածության վերացման և խաղաղության հաստատման համար: Աղոթքին մասնակցել էին Վրաստանի Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Հանս Յոահիմ Կիդերլենը, Ավետարանական –բապտիստական եկեղեցու առաջնորդ Մերաբ Գափրինդաշվիլին և տարբեր ազգությունների բազմաթիվ քրիստոնյաներ: Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել էր Վրաստանում առաքելական թեմի առաջնորդ , եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Նրան ուղեկցել էր Էջմիածնի քահանա Նարեկ Քուշչյանը: