Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելել է դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և վարչությունների անդամներ:
Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:
Սրբազան Նալբանդյանը նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ դամասկոսահայերի կողմից զորակություն հայտնելու Արցախի Հանրապետությանը հայ ժողովրդի համար այս ծանր օրերին:
Դեսպան Փոլադյանն իր կողմից շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարությանը՝ զորակության համար և ներկայացրել վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ բարձրագույն քաղաքական, ռազմական և դիվանագիտական ղեկավարության կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքները:
Առանձնահատուկ ընդգծվել է անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ԼՂ հիմնախնդիրը փակուղի մտցնելու ու այն ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ նկրտումների մասին:
Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը կրկին բարձր է գնահատել ավելի քան հինգ տարի պատերազմական ծանր պայմաններում գոյատևող սիրիահայության հայրենասիրական մղումներն ու զորակցությունը հայրենիքին հողը պաշտպանողներին:
Աղբյուր՝ Protestant.am