Բարեգործության համաշխարհային վարկանիշի ցուցակում Հայաստանը 119-րդ տեղում է 182 երկրների շարքում, իսկ հյուրասիրությամբ՝ 40-րդը:
Այսօր՝ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Մենք խնդիր ունենք ձևավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լուման ներդնելու բարեգործական ծրագրերում»,-նշեց սոցիոլոգը՝ տեղեկացնելով, որ 2016 թվականին Համազգային վստահության խորհուրդը ցանկանում է ծրագիր նախաձեռնել «Տարվա լավագույն բարերար» խորագրով:
Ադիբեկյանը նաև հավելեց, որ բարեգործության նոր մշակույթ Հայաստանում չի ձևավորվել :
Հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանն էլ ասաց. «Հայերենում կան շատ արտահայտություններ, որոնք կապված են բարի բառի հետ, դրանցից են` «բարին ընդ ձեզ», «բարի տարեդարձ», «բարի ախորժակ» և հենց «բարև»-ը:
Հոգեբանը ուրախալի համարեց այն հանգամանքը, որ չնայած բարեգործության մշակույթը դեռ ձևավորման փուլում է, սակայն այն կատարելու մղումը ավելի շատ արտահայտված է երիտասարդների շրջանում:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե սոցիալական» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանի խոսքերով էլ՝ բարեգործությունը շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ այն կատարվում է աննկատ, առանց կեղծ հանդիսավորության:
Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով` խորհրդով օգնելն էլ է բարեգործություն է:
«Բարեգործ լինելը կամ բարեգործություն անելը ընտանիքի և դաստիարակության հետ կապված խնդիր է»,-ասաց նա:
Աղբյուր՝ Protestant.am