Չինաստանի Հենան նահանգում եկեղեցին քանդելու ժամանակ բանվորները հովվի կնոջը կենդանի թաղել են հողի տակ: Ականատեսների վկայությամբ Չումադյան քաղաքի Beitou եկեղեցու հովվի տանն էր մոտեցել բանվորների բրիգադը, որպեսզի տեղի իշխանությունների հրամանով քանդեր եկեղեցու շենքը: Հովիվ Լի Ցյանգունը և նրա կինը կանգնել էին բուլդոզերի առջև`փորձելով կանգնեցնել շենքի ավերումը: Սակայն դա բանվորներին չէր կանգնեցրել: Հովվին և կնոջը բուլդոզերով հրել էին փոսը և ծածկել հողով: Հովիվ Լիին հաջողվել էր դուրս գալ փոսից, սակայն կնոջը փրկել չէր հաջողվել: Նա շնչահեղձ էր եղել: Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, մեղավորները ձերբակալվել են: China Aid իրավապաշտպան կազմակերպության նախագահ Բոբ Ֆուն հայտարարել է.<<Սա դաժան սպանություն է, կյանքի իրավունքի, հավատքի ազատության և իրավական նորմերի կոպիտ խախտում: Չինաստանի իշխանությունները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկեն մարդասպաններին և կոնկրետ միջոցներ ձեռնարկեն կրոնական ազատության իրավունքը պաշտպանելու համար>>: Տեղի իշխանության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում հովիվ Լիի նկատմամբ, որպեսզի նա չբացահայտի տեղի ունեցածի մանրամասները: Իսկ հովիվը պահանջում է համակողմանի հետաքննություն անցկացնել` պարզելու այդ արարքի դրդապատճառները: Չինաստանում քրիստոնյաները ենթարկվում են հալածանքների կոմունիստական իշխանությունների կողմից, որոնք վտանգավոր են համարում քրիստոնեկան եկեղեցիների թվի կտրուկ մեծացումը: