Ազգությամբ ճապոնացի, Հոլիվուդի դերասան Քերի Հիրոյուկի Տագավան քրիստոնեություն է ընդունել: Ռուսական լրատվամիջոցների համաձայն`նոյեմբերի 12-ին Մոսկվայի Մարիամ Աստվածածնի տաճարում դերասանին մկրտել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը: << Ես մի քիչ հուզված եմ: Համոզված եմ, որ ճիշտ քայլ եմ կատարում: Սա շատ կարևոր որոշում է ինձ համար>>-մկրտության արարողությունից առաջ լրագրողներին ասել էր Տագավան: Նշենք, որ 65-ամյա դերասանը այս որոշումը կայացրել է <<Իերեյ սան. սամուրայի խոստովանությունը>> ռուսական ֆիլմում ուղղափառ քահանայի գլխավոր դերը կատարելուց հետո: Ֆիլմը էկրան է բարձրանալու նոյեմբերի 26-ին:Կինոնկարի սցենարի հեղինակ Իվան Օխլոբիստինը առաջինն էր, որ Տագավայի քրիստոնեություն ընդունելու ուրախալի լուրի մասին կիսվել էր Facebook-ում: Տեղեկացնենք, որ << Իերեյ սան. սամուրայի խոստովանությունը>>կինոնկարում Տագավայի հերոսը Ճապոնիայի ուղղափառ եկեղեցու քահանա է, որի եղբայրը ճապոնական մաֆիայի ազդեցիկ ղեկավարներից է: Քահանան հայտնվելով Ռուսաստանում, իր շուրջն է հավաքում գյուղի հավատացյալներին և պայքարում տեղի հանցավոր աշխարհի դեմ: Քերի Հիրոյուկի Տագավան հայտնի է 1980-ական թվականների մարտաֆիլմերում կատարած բացասական դերերով: Հատկապես հայտնի է << Մահացու մարտ>>, <<Փերլ Հարբոր>>, <<Գեյշայի հուշերը>> ֆիլմերում կատարած դերերով: