Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին: Պատգամավորները խնդրում են, որպեսզի Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ում բարձրացնի <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը:Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս, գիտնականներ, իրավաբաններ և այլոք: Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների զանգվածային սպանությունների, կտտանքների, փրկագին ստանալու նպատակով կատարվող առևանգումների, բռնի ուժով իսլամացման դեպքերի և այլ վայրագությունների մասին: Նամակում նշված է նաև քրիստոնեական տաճարների տարածքների և գույքի կողոպուտների մասին: