Բաղդադում բազմաթիվ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել սուրբ Գևորգի տաճարի մոտ: Ակցիայի մասնակիցները քրիստոնյաներ էին և ոչ մուսուլման այլ համայնքների ներկայացուցիչներ: Նրանք բողոքում էին այն օրենքի դեմ, որի համաձայն երեխան մուսուլման է համարվում, եթե ծնողներից մեկը մուսուլման է: Ցույցին մասնակցում էին նաև Իրաքի խորհրդարանի մի քանի պատգամավորներ: Բողոքի ակցիան նախաձեռնել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն: Իր ելույթում Պատրիարք Սակոն հայտարարել էր, որ մտադիր է դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին `սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարի գրասենյակից, եթե Իրաքի խորհրդարանը ուղղումներ չկատարի այդ օրենքում: Շատերի կարծիքով օրենքը հակասում է երկրի սահմանադրությանը, որը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասարությունը: Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Իրաքի խորհրդարանը մերժել էր օրենքում փոխություններ կատարելու վերաբերյալ քրիստոնյա պատգամվորների առաջարկը, համաձայն որի չափահաս դառնալուց հետո երեխան պետք է ինքը որոշի, թե որ կրոնի հետևորդ է դառնալու: