Asia News-ի համաձայն Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի կենտրոնում տարբեր կրոնների ավելի քան 200 ներկայացուցիչներ էին հավաքվել, ովքեր պահանջում էին պատժել իտալացի միսիոներ Պիերո Պարոլարիի վրա հրազենային հարձակում կատարած անձանց: Հինդու համայնքի ղեկավար, միջազգային հանցագործությունների տրիբունալի դատախազ Ռան Դասգուպտան հայտարարել էր, որ նման հանցագործությունները խայտառակություն են Բանգլադեշի համար: << Ես տեղյակ եմ, որ ևս 12 քահանաներ սպառնալիքներ են ստացել: Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա դեմոկրատիան կավարտվի երկրում>>-ասել էր Ռան Դասգուպտան: Բողոքի ակցիայի մասնակիցները տանում էին <<Մի սպանեք կրոնի համար>> և << Օտարերկրացիները մեր բարեկամներն են >> կարգախոսները: << Մեր դեմ հալածանքները ուժեղացել են, իսկ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում այդ իրավիճակին: Իսկ դա ավելի է ոգևորում հանցագործներին >>-նշել էր Բանգլադեշի քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Նիրմալ Ռոզարիոն: Նշենք, որ հարձակումների են ենթարկվում ոչ միայն կաթոլիկ քահանաները: Վերջին շաբաթների ընթացքում սպառնալիքներ են ստացել նաև բողոքական հոգևորականները: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Անվտանգության նկատառումներով ոստիկանները պահանջել են, որ հոգևորականները դուրս չգան տանից: Բանգլադեշի քրիստոնեական միության համաձայն չնայած ծայրահեղականների հարձակումներին, սպառնալիքներին, քրիստոնյա միսիոներները մեծ հարգանք են վայելում տեղի բնակչության շրջանում: