Մեր կյանքը լի է արդարացումներով. իրականում դրանք այնքան են դարձել մեր առօրյա կյանքի մի մասը, որ գործնականում դրանք չենք նկատում արդեն:

Երբ բախվում ենք դժվարությունների, հատկապես վաղ տարիքում, դրանք սկսում են ձևավորել կյանքի հանդեպ մեր վերաբերմունքը: Դրանք ձևավորում են մեզ այն բանում, թե ով ենք մենք և ինչու ենք այս կամ այն բանն անում: Եթե դժվարությունները ճիշտ ենք օգտագործում, մենք անցնում ենք դրանք ու ոգեշնչում ուրիշներին մեր պատմությամբ: Եթե սխալ ենք անցնում, ապա մեր դժվարությունները վերածում ենք պատճառների, թե ինչու մեզ մոտ այս կամ այն բանը չի ստացվել: Օրինակ՝ «Եթե ես չունենայի վատ ուսուցիչներ, վատ ընկերներ ու վատ ամուսին, ապա ամեն բան իմ կյանքում այլ կլիներ»:

Կեղծ փաստարկներ

Հիշենք Մովսեսին:

Նա խնդիրներ ուներ համարձակության հետ: Երբ Աստված պատվիրում է նրան Իսրայելի ժողովրդին հանել Եգիպտոսից, նա միանգամից արդարացումներ է հորինում. «Ես բավական լավը չեմ: Մարդիկ ինձ չեն հավատա: Ես չեմ կարողանում խոսել: Նրանք չեն լսի ինձ»: Անգամ այն բանից հետո, երբ Աստված կարողություն է տալիս նրան հրաշքներ գործելու, Մովսեսը շարունակում է պատրվակներ հորինել:

Աստծո պատասխանը այդ պատրվակներին պարզ էր. «ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ»:

Մովսեսի համար սա անավարտ նախադասության պես էր հնչում: Բայց Աստված մինչև վերջ չխոսեց միտումնավոր կերպով: Մովսեսը պետք է ինքը լցներ այդ նախադասությունը.

«Ես եմ… ամենը՝ ինչ քեզ պետք է: Ես եմ քո հանգստությունը, եթե դու հանգստի կարիք ունենաս: Ես քո զորությունն եմ, եթե դու զորության կարիք ունես: Ես քո մատակարարն եմ»: Այլ խոսքերով ասած՝ «ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ» արտահայտությունը սա էր. Ես եմ Ամենը:

Հավիտենական խոստմունքներ

Այդ խոստմունքը մինչ օրս հասանելի է մեզ համար: Հավատքի ամեն մի քայլի համար կա նվազագույնը տասը հիմնային պատճառ, թե ինչու այն պետք է կատարել:

Դուք պետք է ազատվեք ամեն տեսակ արդարացումներից: Հենց որ Մովսեսը սկսում է ազատվել արդարացումներից, Աստված սկսում է ազատել նրան այդ խնդիրներից: Երբ նա որոշում ընդունեց վերադառնալու փարավոնի մոտ, Աստված որպես օգնական տվեց նրան իր եղբայր Ահարոնին:

Արդարացումներին վերջ տալու լավագույն միջոցը գործել սկսելն է: «ԵՍ ԵՄ»-ը Մովսեսի համար ձեռք է բերում նոր նշանակություն, երբ ինքն արդեն կանգնած էր փարավոնի ու Իսրայելի ժողովրդի առջև: Դա ժամանակ էր, երբ Մովսեսն ամենից առավել կարիք ուներ, որ Աստված գործեր Իր միջոցով, և Նա գործում էր: Աստծո խոստմունքները նույնն են նաև մեզ համար, բայց դրանք անօգուտ են, քանի դեռ մենք չենք սկսել գործել՝ համաձայն այդ խոստմունքների:

Ես մեկ անգամ լսել եմ մի ծեր կնոջ մասին, ով մահացել էր իր իսկ բնակարանում: Մահացած կնոջ որդին, ով նրա կողքին չէր այդ ժամանակ, ոստիկաններից տեղեկանում է, որ մայրը սովից է մահացել:

«Դա չի կարող պատահել,- ասում է նա:- Ես ամեն շաբաթ նրան գումար էի ուղարկում»:

Բայց երբ որդին մեկ օր տուն է գալիս՝ իրերը հավաքելու, նա տեսնում է, որ իր ուղարկած բոլոր գումարային կտրոնները պատին են փակցված: Նրա մայրը չգիտեր, թե դա ինչ է: Նա չգիտեր, թե ինչպես այդ կտրոնները պետք է օգտագործել և դրանք պարզապես բացիկներ էր համարել:

Մենք հաճախ ընկնում ենք անախորժությունների մեջ, երբ ի վիճակի չենք լինում օգտագործելու Աստծո խոստմունքները:

Գործի դրված սկզբունքներ

Աստված տվել է Իր խոստմունքները ոչ այն նպատակով, որ դրանք դնենք սեղանին, ամրացնենք մեր հագուստին կամ պատին: Նա տվել է դրանք կատարելու համար: Իրականում Նա երբեք էլ չի խնդրել մեզ գործել առանց Իր իսկ մատակարարման: Որտեղ որ Նա տանում մեզ, այնտեղ էլ Նա ապահովում է մեզ ամեն անհրաժեշտ բանով:

Մնացածը մեր որոշումն է՝ փոխվե՞լ, թե՞ ոչ: Մենք կարող ենք մնալ նույն տեղում՝ ամեն ինչում մեղադրելով մեր կյանքի հանգամանքներին, որոնցում հայտնվել ենք, կամ էլ կարող ենք պատասխանատվություն վերցնել մեզ վրա մեր գործերի համար ու առաջ շարժվել:

Աստծուց մեզ տրված պարգևը կյանքն է, իսկ այն պարգևը, որ մենք կտանք Նրան՝ այն է, ինչ կանենք մեր կյանքի հետ:

Ես մի կարգախոս ունեմ. «Եթե դուք ձեռքից եկածն անում եք ձեր ունեցածի հետ այնտեղ, որտեղ գտնվում եք, Աստված չի թողնի ձեզ այդտեղ ու կբազմապատկի այն, ինչ ունեք»: Ես տեսել եմ, որ այս սկզբունքը գործում է մարդկանց մոտ, ովքեր սկսել են ուշ ու ոչինչից:

Եթե ձեր երազանքները կյանքի կոչելը կարևոր է ձեզ համար, ապա դուք միջոց կգտնեք դրանք իրականացնելու:

Արդարացումները այս ամենի մեջ չեն զորացնում ձեր կյանքը, այլ թուլացնում են:

Անցյալում թողեք ամեն արդարացում…

Բիլլ Պերվիս

Աղբյուր՝ Crossnews.am