<<Փարիզում արյունալի ահաբեկչություն իրականացրած << Իսլամական պետություն>> խմբավորմանը ֆինանսավորում, զինում և վարժեցնում են խոշոր պետությունները`ելնելով իրենց տնտեսական և քաղաքական շահերից >>-հայտարարել է Հալեպի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդական տեղապահ, եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենը և շարունակել. <<Վերջին հինգ տարիների ընթացքում սիրիացիներս ամեն օր ենք ենթարկվում ահաբեկչությունների, ապրում վախի մեջ: Անհրաժեշտ է դադարեցնել աջակցությունը իսլամական խմբավորումներին, որոնք կրոնի անունից մահ են սփռում>>: Կաթոլիկ եպիսկոպոսը նշել էր, որ ցնցված է Փարիզում իրականացված ահաբեկչությունից.<<Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և մեր համերաշխությունը հայտնում: Ահաբեկչությունը ոչ մեկին չի խնայում: Սիրիայի ժողովուրդը շատ լավ է պատկերացնում վախի այն մթնոլորտը, որում հայտնվել են եվրոպացիները >>-հայտարարել էր Ժորժ Աբու Հազենը և եզրափակել.<<Հինգ տարի շարունակ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում է անասելի տառապանքների, շատերը փախել են իրենց հայրենիքից: Եվ այդ ամենի նկատմամբ համաշխարհային հանրությունը լիակատար անտարբերություն է դրսևորում: Այսօր արդեն պարզ է դարձել, որ պետք է համախմբվել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար>>: