Անգլիայի Եկեղեցին մտադիր է մեծացնել այսպես կոչված << տոնական>> տաճարների թիվը, որոնցում եկեղեցական արարողությունները կատարվելու են միայն Սուրբ Ծննդյան և Հարության տոների ժամանակ: Պատճառը տաճարները պահելու համար ֆինանսների բացակայությունն է և հավատացյալների թվի նվազումը: Վերջերս Անգլիայի Եկեղեցու հրապարակած զեկույցի համաձայն երկրի 15700 եկեղեցիներից յուրաքանչյուրի համար տարեկան անհրաժեշտ է մոտավորապես 10 հազար ֆունտ ստեռլինգ: Սակայն այդ եկեղեցիներից միայն քառորդ մասում է կիրակի օրերին կանոնավոր արարողություններ կատարվում: Այդ տաճարները այցելող հավատացյալների թիվը ևս փոքր է ` ամիսը միջինը 16 մարդ, իսկ գյուղական վայրերում `10 մարդ: Զեկույցում ասված է.<< Փոքրաթիվ անդամներ ունեցող համայնքներին անհրաժեշտ են խոշոր ներդրումներ: Հավատացյալների թվի նվազումը և նրանց միջին տարիքի մեծացումը լուրջ մարտահրավերներ են եկեղեցու համար>>: Վերջին 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի Անգլիայում փակվում են 20-35 անգլիկան եկեղեցիներ: Ուստի տաճարների վերջնական փակումից խուսափելու համար Անգլիկան եկեղեցին որոշել է կրճատել եկեղեցական արարողությունների թիվը, հատկապես գյուղական վայրերում: