Christian Today–ի համաձայն` Կալիֆորնիայի նահանգի առողջապահության դեպարտամենտը պահանջել է, որպեսզի եկեղեցիները վճարեն հղիության արհեստական ընդհատման բժշկական ծառայության համար պետական բժշկական ապահովագրության շրջանակներում: Եկեղեցիները հրաժարվել են վճարելուց, քանի որ հավատացյալները կտրականապես դեմ են հղիության արհեստական ընդհատումներին և պատրաստ են պայքարել իրենց համոզմունքների համար: <<Ազատության պաշտպանության միությունը>> եկեղեցիների անունից հայց է ներկայացրել դատարան առողջապահության դեպարտամենտի դեմ` նպատակ ունենալով բողոքարկել այդ պահանջը, որպես անօրինական և եկեղեցու համար անընդունելի: << Դուք չեք կարող ստիպել եկեղեցիներին վճարել անմեղ կյանքերի սպանության համար: Կալիֆորնիայի կառավարությունը խախտում է սահմանադրությունը>>-հայտարարել էր միության իրավաբան Էրիկ Սթենլին: <<Ազատության պաշտպանության միության>> մեկ այլ իրավաբան` Ջերեմի Գալուսը ասել էր. <<Պաշտոնյաներին չի հաջողվի կոտրել եկեղեցիների դիմադրությունը: Քրիստոնյաները երբեք չեն համաձայնի վճարել օրինականացված սպանությունների համար, քանի որ դա հակասում է նրանց կրոնական խորը համոզմունքներին: Հույս ունենք, որ դատարանը կստիպի նահանգի կառավարությանը հարգել սահմանադրությամբ ամրագրված կրոնական ազատությունը>>: