Աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցում բաժանություններ են եղել: Վերջերս աստվածաբանական քննարկումներից հետո Անգլիկան եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները Հիսուսի բնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը: Ստորագրված այդ փաստաթուղթը կազմված է Հիսուսի բնության վերաբերյալ տաս դրույթներից, որոնց շուրջ եկեղեցիները համամիտ են: Հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրիայի Ղպտի եկեղեցու եպիսկոպոսի խոսքով այդ համաձայնագիրը կարող է դառնալ եկեղեցիների միջև առկա տարաձայնությունների կարգավորման առաջին քայլը: Բացի Քրիստոսի մասին ուսմունքային հարցերում համաձայանություն ձեռք բերելուց , հոգևորականներին հաջողվել է զգալի առաջընթաց ունենալ նաև Սուրբ Հոգու վերաբերյալ վարդապետական հարցերի քննարկումներում: Աստվածաբանական քննարկումները շարունակելու նպատակով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի վերջին Լիբանանում: