Christian Today –ի համաձայն` ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Բելեն քաղաքում համառ պայքար էր տեղի ունեցել Սուրբ Ծնունդը նշելու իրավունքի պաշտպանության համար: Աթեիստական << Կրոնից ազատ>> տխրահռչակ կազմակերպությունը այս անգամ էլ պահանջել էր քաղաքի զբոսայգուց հեռացնել Սուրբծննդյան մսուրը ներկայացնող դեկորացիան: Սակայն քաղաքի բնակչությունը և քաղաքապետարանը հանդես են եկել Սուրբ Ծնունդը նշելու իրենց իրավունքի պաշտպանությամբ: Այդ կամպանիան ղեկավարում էր Բելենի քաղաքագլուխ Ջերի Կորդոբան: <<Մենք հաղթել ենք, մենք պաշտպանել ենք Սուրբ Ծնունդը տոնելու մեր իրավունքը >>-ասել էր քաղաքագլուխը: Տեղի քահանա Ռեյ Հարամիլիոն էլ հայտարարել էր.<<Մարդիկ շատ մտահոգ են հավատքի ազատության դեմ նման հարձակումներով: Այդ հարձակումներին մենք պատասխանելու ենք և չենք պատրաստվում լռել: Սուրբ Ծննդյան տոնակատարության արգելքները ուղղակի կատաղեցնում են մարդկանց>>: Նշենք, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում իսկական պատերազմ է ընթանում աթեիստների և Սուրբ Ծնունդը նշելու կողմնակիցների միջև: Աթեիստները պահանջում են սրճարաններից , խանութներից և մարդաշատ այլ վայրերից հեռացնել Սուրբ Ծննդյան խորհրդանիշերը, չհիշատակել Սուրբ Ծնունդ խոսքերը, զբոսայգիներից կամ պուրակներից հանել Ծննդյան տեսարանը պատկերող դեկորացիաները և այլն: 2013թվականին Տեխասի նահանգապետ Ռիք Պերին ստիպված էր օրենք ստորագրել, որը թույլ էր տալիս ոչ միայն շնորհավորել միմյանց Սուրբ Ծննդյան առիթով, այլ նաև դպրոցներում տեղադրել այդ տոնի հետ կապված խորհրդանիշերը: <<Այս օրենքը աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին հնարավորություն է տվել առանց վախենալու դպրոցներում տոնել Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որպեսզի քրիստոնյաների համար սիրելի Սուրբ Ծննդյան տոնակատարությունը վերականգնելու շարժմանը միանան մյուս նահանգները: Ժամանակն է վերջ դնելու այս խայտառակությանը: Թույլ չենք տալու, որ երկրի դաշնային կառավարությունը ամերիկացիներից խլի Սուրբ Ծնունդը>>-ասել էր Տեխասի վարչակազմի ներկայացուցիչ Դուեյն Բոհակը: