Ամերիկյան բոլոր նահանգներում եկեղեցիները խստացնում են անվտանգության միջոցները, եկեղեցու անդամներին և քահանաներին սովորեցնում հրազեն կիրառել և գաղտնի ատրճանակ կրել: Նման քայլի պատճառը կրոնական հողի վրա կատարվող հանցագործությունների և հարձակումների թվի մեծացումն է, որոնց զոհ են գնում կրոնական համայնքների առաջնորդներ և անդամներ: Նախորդ տարի Չարլստոն քաղաքի աֆրո-ամերիկյան եկեղեցիներից մեկում ծառայության ժամանակ հանցագործը հրազենային կրակով սպանել է ինը մարդու: Այս դեպքից հետո ոստիկանությունը և եկեղեցական համայնքների առաջնորդները որոշեցին ակտիվորեն պաշտպանվել հարձակումներից և ահաբեկչություններից: Կալիֆորնիա նահանգում եկեղեցիների պահակները և քահանաները անցնում են անվտանգության դասընթացներ, սովորում են գաղտնի հրազեն կրել և զենքից օգտվել: Սակայն ամերիկացի իրավապաշտպաններից ոչ բոլորն են կողմնակից եկեղեցիների զինմանը: Եկեղեցական թեմերի անդամների և քահանաների զինման հակառակորդներից է շերիֆ Պիտեր Բլեյրը.<<Նույնիսկ լավ մարդը ատրաճանակ կրելիս կարող է վտանգավոր դառնալ: Հնարավոր է զենքը նկատելով` սկսի կրակել ոստիկանը: Կարող եք պատահաբար անմեղ մարդ սպանել, երբ կրակելով պաշտպանվում եք հարձակվողից>>-ասել էր շերիֆը: