ԱՄՆ-ում  ավետարանական,  հիսունական, խարիզմատիկ  եկեղեցիների և ծառայությունների  բազմաթիվ հեղինակավոր առաջնորդներ, այդ թվում Generals International ծառայության ղեկավար Սինդի Ջեկոբսը,  Harvest Evangelism ծառայության ղեկավար Էդ Սիլվոզոն, Դատչ Շիտսը և այլոք    եկեղեցիներին և  հավատացյալներին կոչ են արել  աղոթելով շրջել երկրի բոլոր բնակավայրերի այն փողոցներով, որոնք փոստային ինդեքս ունեն:  Քրիստոնյա առաջնորդները նախորդ տարվա դեկտեմբերին Կոլորադո Սպրինգս քաղաքում գտնվող Դիկ Իսթմանի  << Յուրաքանչյուր տուն Քրիստոսի համար>> միջազգային ծառայության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ հանգել էին այն եզրակացության, որ  Աստված  իրենց առաջնորդում  է  միաբանվելու, համընդհանուր աղոթքի  և ծոմապահության: Այդ ժամանակ էլ ստեղծվել էր  <<Որպես մեկ>> ծառայությունը, որի տեսիլքն է  միավորվել մեկ մարդու նման  և աղաղակել Աստծուն  Ամերիկայի հոգևոր  մթնոլորտի փոփոխության համար: Ծառայությունը նախատեսել է 2016 թվականին երկու անգամ անցկացնել 40 օր տևող ծոմապահություն, աղոթքի ծառայություններ և աղոթքի շրջայցեր: Առաջին 40-օրյա աղոթքները   սկսվելու  են  մարտի  27-ին և կավարտվեն  մայիսի 5-ին, իսկ երկրորդը կսկսվի սեպտեմբերի 30-ին և կավարտվի  նախագահական ընտրությունների օրը`նոյեմբերի 8-ին: Նախաձեռնության հեղինակները հուսով  են, որ  աղոթքի այս նոր շարժման ժամանակ կմիաբանվեն տարբեր սերունդների և ազգության մարդիկ  և այդ միաբանությունը  կվերափոխի երկիրը: