ԱՄՆ-ում ավետարանական, հիսունական, խարիզմատիկ եկեղեցիների և ծառայությունների բազմաթիվ հեղինակավոր առաջնորդներ, այդ թվում Generals International ծառայության ղեկավար Սինդի Ջեկոբսը, Harvest Evangelism ծառայության ղեկավար Էդ Սիլվոզոն, Դատչ Շիտսը և այլոք եկեղեցիներին և հավատացյալներին կոչ են արել աղոթելով շրջել երկրի բոլոր բնակավայրերի այն փողոցներով, որոնք փոստային ինդեքս ունեն: Քրիստոնյա առաջնորդները նախորդ տարվա դեկտեմբերին Կոլորադո Սպրինգս քաղաքում գտնվող Դիկ Իսթմանի << Յուրաքանչյուր տուն Քրիստոսի համար>> միջազգային ծառայության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ հանգել էին այն եզրակացության, որ Աստված իրենց առաջնորդում է միաբանվելու, համընդհանուր աղոթքի և ծոմապահության: Այդ ժամանակ էլ ստեղծվել էր <<Որպես մեկ>> ծառայությունը, որի տեսիլքն է միավորվել մեկ մարդու նման և աղաղակել Աստծուն Ամերիկայի հոգևոր մթնոլորտի փոփոխության համար: Ծառայությունը նախատեսել է 2016 թվականին երկու անգամ անցկացնել 40 օր տևող ծոմապահություն, աղոթքի ծառայություններ և աղոթքի շրջայցեր: Առաջին 40-օրյա աղոթքները սկսվելու են մարտի 27-ին և կավարտվեն մայիսի 5-ին, իսկ երկրորդը կսկսվի սեպտեմբերի 30-ին և կավարտվի նախագահական ընտրությունների օրը`նոյեմբերի 8-ին: Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ աղոթքի այս նոր շարժման ժամանակ կմիաբանվեն տարբեր սերունդների և ազգության մարդիկ և այդ միաբանությունը կվերափոխի երկիրը: