Հոկտեմբերի 31-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Հելոուինը: Տոնի ընթացքում մարդիկ կրում են կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և այլ չար ոգիների տեսքով դիմակներ ու հանդերձներ, որը տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Հելոուինի գլխավոր խորհրդանիշը Ջեքի լամպն է: Այն ունի դդմի տեսք, շատ հաճախ էլ պատրաստում են դդմից: Վրան փորագրվում է վախ ներշնչող դեմք, իսկ ներսում դրվում է վառվող մոմ:Տոնի ավանդական գույներն են նարնջագույնը և սևը: Հելոուինի արմատները հասնում են դարերի խորքը, մինչև հեթանոս կելտերի ավանդույթները: Անգլիայի, Իռլանդիայի և Հյուսիսային Ֆրանսիայի տարածքներում բնակվող հինավուրց կելտերի մոտ հոկտեմբերի 31-ը համարվում էր հին տարվա ավարտը : Նոյեմբերի մեկի գիշերը տոնում էին նոր տարվա սկիզբը: Կելտերի հավատալիքների համաձայն այդ գիշերը բացվում էին հանդերձյալ աշխարհի դռները և մահացած մարդկանց հոգիները երկիր էին գալիս: Որպեսզի չդառնան ուրվականների և չար ոգիների զոհը, կելտերը հավաքվում էին դրուիդ քրմերի վառած խարույկների մոտ և կենդանիներ էին զոհաբերում, որից հետո խարույկից կրակ էին վերցնում և տուն տանում: Տոնի խորհրդանիշը դդումն էր: Կելտերը համոզված էին, որ դդմի ներսում վառվող սրբազան կրակը վախեցնում է ոգիներին և ուրվականներին: Քրիստոնեության տարածումից հետո` 610 թվականի մայիսի 13-ին Բոնիֆացիոս IV Պապը Հռոմի հեթանոսական Պանթեոն տաճարը օծեց, որպես բոլոր սուրբ նահատակների տաճար: Եվ այդ օրը սկսեցին նշել, որպես Բոլոր սրբերի տոն: Իսկ 9-րդ դարում Գրիգոր IV Պապը նոյեմբերի 1-ը կաթոլիկ եկեղեցու համար հայտարարեց Բոլոր սրբերի օր: Սկզբում տոնը կոչվում էր All Hallows Even` այսինքն բոլոր սրբերի նախօրե, որը հետագայում դարձավ Halloween: Չնայած քրիստոնյա եկեղեցին երկարատև և համառ պայքար էր մղում այդ օրը չար ոգիներով վախեցնելու և կելտերի տոնից մնացած սովորությունների դեմ, այնուամենայնիվ հեթանոս կելտերի տոնը ոչ միայն շարունակեց ապրել, այլ նաև ժողովրդի գիտակցության մեջ միաձուլվեց եկեղեցական տոնին: Եվ այսօր քրիստոնեական տոնի անունով հեթանոսական այդ տոնն էլ կոչում են Halloween: Մեծ շուքով հեթանոսական Հելոուինը տոնում են անգլախոս երկրներում,հատկապես ԱՄՆ-ում և Կանադայում, քանի որ 19-րդ դարում Ամերիկա գաղթած իռլանդացիները իրենց հետ բերել էին Հելոուինի ավանդույթը:Վերջին տարիներին տոնը սկսել են նշել նաև Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` այդ թվում նաև Հայաստանում:Քրիստոնեական , հատկապես ավանդապաշտ եկեղեցիները խիստ բացասաբար են վերաբերվում այդ տոնին: Քրիստոնեական եկեղեցիները այն համարում են չարաբաստիկ և անբովանդակ, խստորեն դատապարտում են հեթանոսական այդ տոնակատարությունը` այն համարելով սատանայական, արհեստականորեն ներմուծված Արևմուտքից: Շատ երիտասարդներ տոնելով Հելոուինը չեն գիտակցում դրա վտանգավոր իմաստը և բովանդակությունը: Շատերի համար այդ օրը ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու և ուրախանալու առիթ է: Սակայն դա սատանայական խաբեություն է `մարդկանց ներշնչելու, որ դա ուղղակի ուրախ տոն է: Նման << ուրախ>> տոները մարդկանց հեռացնում են Աստծո հավատքից: Մեջբերենք Panorama.am կայքի հետ զրույցում Տեր Համբարձում քահանա Դանիելյանի խոսքերը.<< Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն անգամ բազմաթիվ առիթներով հայ ժողովրդին տեղեկացնում է և հորդորում, որ այդ օտարածին տոներն այնքան էլ բարի չեն: Զարմանալին թերևս այն է, որ այդ տխրահռչակ գործընթացին ընթացք տվողներն անգամ տարրական գաղափար չունեն, թե իրենք ինչպիսի կործանարար բովանդակություն ունեցող տոների են մասնակցում>>: