Ֆրանսիայի Փլոերմել քաղաքի դատարանը որոշել է ապամոնտաժել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II –ի հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Հուշարձանը տեղադրել են 2006 թվականին: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` դատարանի վճիռը հիմնված է 1905թվականին ընդունված օրենքի վրա, համաձայն որի Եկեղեցին անջատված է պետությունից: Ուստի հուշարձանը տեղադրել են` խախտելով օրենսդրությունը: Դատական իշխանությունների կարծիքով օրենսդրությանը հակասում է ոչ թե հուշարձանը, այլ հուշարձանի մոտ գտնվող կամարը, որի վրա կանգնեցված է 8 մետրանոց խաչ: Դատավճիռը կատարելու համար դատարանը 6 ամիս է տվել: Քաղաքային խորհուրդը մտադիր է բողոքարկել այս վճիռը: Ի դեպ տեղադրման օրից Հովհաննես Պողոս II –ի այս հուշարձանը քաղաքի բնակչության շրջանում հակասական արձագանքներ էր առաջացրել: Իսկ հուշարձանի հեղինակ , քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստացել էր Փլոերմելի պատվավոր քաղաքացու կոչում: