Ամերիկյան Օրեգոն նահանգի  դատարանի վճռով  Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա  հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու  համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող  հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու  արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների  փաստաբան Թայլեր Սմիթը  հայտարարել է, որ տուգանքի վճարումը  չի նշանակում, որ ամուսինները չեն կարող բողոքարկել  այդ վճիռը: Նրանք վճարել են, որպեսզի  խուսափեն  գումարի տոկոսների կուտակումից: Փաստաբանի  խոսքով  2016 թվականին Քլեին ամուսինների բողոքը կլսվի վճռաբեկ դատարանում: Նշենք, որ 2013թվականին Քլեին ամուսինները  մերժել էին միասեռ զույգի համար հարսանեկան տորթ  թխել` հայտարարելով, որ նման  ամուսնությունները դեմ են իրենց քրիստոնեական հավատքին: Այս դեպքը  մեծ արձագանք էր առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Կրոնի ազատության  հարցերի շուրջ   թեժ բանավեճեր էին սկսվել: Բազմաթիվ ամերիկացիներ  իրենց աջակցությունն էին  հայտնել, ստեղծվել էր   Քլեին ամուսիններին աջակցող խումբ, որը  զգալի գումար էր տրամադրել ամուսիններին: Բացի դա  քրիստոնյա ամուսինների պաշտպանությամբ հանդես էին  եկել   քրիստոնյա հեղինակավոր առաջնորդներ, այդ թվում Ֆրանկլին Գրեհեմը: