Ամերիկյան Օրեգոն նահանգի դատարանի վճռով Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների փաստաբան Թայլեր Սմիթը հայտարարել է, որ տուգանքի վճարումը չի նշանակում, որ ամուսինները չեն կարող բողոքարկել այդ վճիռը: Նրանք վճարել են, որպեսզի խուսափեն գումարի տոկոսների կուտակումից: Փաստաբանի խոսքով 2016 թվականին Քլեին ամուսինների բողոքը կլսվի վճռաբեկ դատարանում: Նշենք, որ 2013թվականին Քլեին ամուսինները մերժել էին միասեռ զույգի համար հարսանեկան տորթ թխել` հայտարարելով, որ նման ամուսնությունները դեմ են իրենց քրիստոնեական հավատքին: Այս դեպքը մեծ արձագանք էր առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Կրոնի ազատության հարցերի շուրջ թեժ բանավեճեր էին սկսվել: Բազմաթիվ ամերիկացիներ իրենց աջակցությունն էին հայտնել, ստեղծվել էր Քլեին ամուսիններին աջակցող խումբ, որը զգալի գումար էր տրամադրել ամուսիններին: Բացի դա քրիստոնյա ամուսինների պաշտպանությամբ հանդես էին եկել քրիստոնյա հեղինակավոր առաջնորդներ, այդ թվում Ֆրանկլին Գրեհեմը: