Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության մամուլի ծառայության համաձայն` Ռուսաստանի Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պայմանավորվել են համատեղ պայքարել կրոնական և ազգային անհանդուրժողականության դեմ ամբողջ աշխարհում: Նման որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդայի և Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարի հանդիպման ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը ծանոթացել էր Հրեական թանգարանի նմուշներին և բարձր գնահատել թանգարանի գործունեությունը միջմշակութային, միջազգային, միջկրոնական և սոցիալական հանդուրժողականության ոլորտում: << Այս օրերին, երբ նշում ենք Հաղթանակի 70-ամյակը, բոլորիս համար կարևոր է մտածել և գործել այնպես, որպեսզի երիտասարդ սերունդը մեծանա մերձավորին հասկանալու, հարգելու ցանկությամբ և ունակությամբ>>-ասել էր Բերլ Լազարը: Նրա կարծիքով կրոնական և ազգային անհանդուրժողականության խնդիրը հաջողությամբ լուծելու համար բացի կիրառվող միջոցներից անհրաժեշտ է ճիշտ դաստիարակել երիտասարդ սերնդին: << Մենք համոզված ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը Հրեական թանգարանին և հանդուրժողականության կենտրոնին հնարավորություն կտա գործել բոլոր երկրներում, ինչը կարևոր քայլ կլինի մեր համընդհանուր նպատակին ` այն է բարոյականության ամրապնդմանը հասնելու ողջ աշխարհում>>- հանդիպման արդյունքների մասին ասել էր Ալեքսանդր Բորոդան: