Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է << Լռություն>> կոչվող ֆիլմի աշխատանքները: Կինոնկարը Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող պորտուգալացի ճիզվիտ միսիոներների մասին է: Սցենարի հիմքում իրական դեպքեր են, որոնց մասին պատմում է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպը: Կինոնկարի դեպքերը կատարվում են 17-րդ դարում: Չնայած Ճապոնիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող դաժան հալածանքներին, զանգվածային մահապատիժներին, պորտուգալացի երեք միսիոներներ վտանգելով իրենց կյանքը փորձում են թափանցել Ճապոնիա, որպեսզի շարունակեն իրենց հոգևոր առաջնորդ Ֆերեյրայի ավետարանությունը` միաժամանկ ճշտեն նրա հավատքը ուրանալու վերաբերյալ լուրերը: Սակայն շուտով պորտուգալացի վանականների միսիան բացահայտվում է, նրանց ձերբակալում են, կտտանքների ենթարկում: Քրիստոնյա միսիոներները սկսում են կասկածել թե արդյոք ճիշտ է իրենց լռություն պահպանելը: Երկար տարիներ ռեժիսոր Սկորսեզեն ծրագրել էր նկարահանել <<Լռություն>> ֆիլմը: Կինոնկարի գաղափարի վրա նա սկսել էր աշխատել դեռևս 1990-ական թվակնների սկզբին: Ֆիլմում նկարահանվել են Լիամ Նիսոնը, Էնդրյու Գարֆիլդը, Ադամ Դրայվերը և այլոք: Ֆիլմի բյուջեն կազմել է 51միլիոն դոլար: Նկարահանել է Paramount Pictures կինոընկերությունը: Կինոնկարի պրեմիերան սպասվում է ընթացիկ տարում: