Աշխարհի հինգ պետությունների մայրաքաղաքներում հազարավոր հիսունական քրիստոնյաներ բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի դեսպանատների առջև: Ցուցարարները իրենց աջակցություն են հայտնում նորվեգացի ծնողներին, որոնց երեխաներին վերցրել է սոցիալական ծառայությունը` ծնողներին մեղադրելով <<արմատական քրիստոնեության>> համար:  Տեղեկացնենք, որ  անցյալ տարվա նոյեմբերին Նորվեգիայի  երեխաների պաշտպանության սոցիալական ծառայությունը Մարիուս և Ռութ Բոդնարիու ամուսիններից  վերցրել էր 3 ամսականից մինչև 10 տարեկան  հինգ երեխաներին: Պատճառն այն էր, որ  ընտանիքի ավագ դուստրը դպրոցում քրիստոնեական երգ էր կատարել: Ընտանիքի հայրը ռումինացի է և Ռումինիայի քաղաքացի, իսկ մայրը Նորվեգիայի քաղաքացի է : Այդ ընտանիքը Նորվեգիայում բնակվում է արդեն 10 տարի: Ներկայումս երեխաները գտնվում են երեք տարբեր ընտանիքներում: Ծնողները հայտարարել են, որ մինչ շարունակվում են  դատական  լսումները, սոցիալական ծառայությունը  սկսել է երեխաներին որդեգրելու  գործընթացը: Այս իրավիճակին արձագանքել են  տարբեր երկրների քրիստոնյաները:  ԱՄՆ-ում և Կանադայում ռումինացի  հիսունականների  միության փոխնախագահ,  Չիկագոյից հովիվ  Քրիստիան Իոնեսկուն Բոդնարիու ընտանիքին աջակցելու համար  համացանցում հանրագիր է անցկացնում, որը արդեն ստորագրել է ավելի քան 53 հազար մարդ: Հունվարի 8-ին Վաշինգտոնում, Մադրիդում, Լոնդոնում,  Կոպենհագենում և Դուբլինում Նորվեգիայի դեսպանատների  առջև հազարավոր հիսունական քրիստոնյաներ  բողոքի ակցիաներ անցկացրին: Վաշինգտոնում ցուցարարները դեսպանատան աշխատակիցներին  հանրագիր տվեցին, որում պահանջում են  Բոդնարիու ընտանիքին վերադարձնել երեխաներին: Հանրագիրը ստորագրել էին  ամերիկյան եկեղեցիների ավելի քան 7 հազար անդամներ: Վաշինգտոնում բողոքի ակցիայի կազմակերպիչ, հովիվ Քրիստիան Իոնեսկուն  լրագրողներին տված հարցարզույցի ժամանակ հայտարարել էր. <<Այն, ինչ որ նորմալ էր մի քանի տասնամյակ առաջ, հիմա արմատականություն է համարվում: Մարդիկ չեն կարողանում  երեխաներին կրոնական դաստիարակոիթյուն տալ, չպետք է պատմեն Աստծո մասին, քանի որ դա վիրավորական է համարվում  շատերի համար: Աստված մեր կողմից է , որովհետև Նա է ստեղծել ընտանիքը: Եթե պատրաստվում են պայքարել մեր  և Բոդնարիու ընտանիքի դեմ, ապա  պայքարում են Աստծո դեմ>>: