Հյուսիսային Կորեայում ցմահ բանտարկության դատապարտված Կանադայի քաղաքացի, ծագումով կորեացի հովիվ Լիմ Հեն Սուն ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողին տված հարցազրույցում պատմել է բանտային կյանքի և իր բանտարկության պատճառների մասին: Հովվի հետ հարցազրույցի տեսաերիզը հունվարի 11-ին ցուցադրել է CNN հեռուստաալիքը: Չնայած հովիվը լավ տիրապետում է անգլերենին, սակայն բանտի հսկիչները հրամայել էին խոսել կորեերեն լեզվով: Լիմ Հեն Սուն պատմում է, որ բանտում իրեն բժշկական օգնություն են ցուցաբերում և երեք անգամ կերակրում են: Սակայն դեռևս չի կարողացել կապվել հարազատների հետ: Նշենք, որ հովվին ձերբակալել են 2015 թվականի դեկտեմբերին, երբ նա հումանիտար միսիայով գտնվում էր Հյուսիսային Կորեայում: Երկրի դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով: Հովիվ Սունին մեղադրում են, որ նա կրոնը օգտագործել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին քննադատելու և աթեիստական կառավարությանը տապալելու համար: