<<Catholic Secular Forum >> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության Հնդկաստանում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակած զեկույցի համաձայն 2015 թվականին քրիստոնյաների դեմ կատարվել է ավելի քան 200 հանցահործություններ և բռնարարքներ: Սպանել են բողոքական 7 հովվի, ընդհանուր թվով տուժել են 8 հազար քրիստոնյաներ: Զեկույցի համաձայն հարձակումները իրականացրել են հինդու ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության համաձայն Հնդկաստանը միայն հինդուների համար է: Այս գաղափարախոսության հետևորդները ատում են քրիստոնյաներին և մուսուլմաններին, կազմակերպում հալածանքներ և զինված հարձակումներ: Քրիստոնյաներին մեղադրում են հինդուներին ստիպողաբար քրիստոնեության դարձնելու համար, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Հակառակը` հաճախակիացել են քրիստոնյաներին բռնի հինդուիզմի դարձնելու դեպքերը: Քրիստոնյա իրավապաշտպանները նշել են, որ նախորդ տարի <<Rashtriya Swayamsevak Sangh>> հինդու ազգայնական կազմակերպությունը ամրապնդել է իր դիրքերը Հնդկաստանի քաղաքական համակարգում: Ներկայումս այդ կազմակերպությունը ունի ավելի քան 15 միլիոն ակտիվիստներ, որոշ վայրերում նրանց աջակցում են ոստիկանությունը, դատարանը և պետական իշխանությունը: Զեկույցի հեղինակները նշել են նաև, որ վերջերս Հնդկաստանի իրավասու կառույցները ավելի հաճախ են մերժում երկարացնել աղքատներին և անօթևաններին օգնություն ցուցաբերող քրիստոնյա միսիոներների, վանական միաբանությունների անդամների մուտքի արտոնագրերը: