Conservative Post-ի համաձայն`երկու տարի տևած քննարկումներից հետո Անգոլայի կառավարությունը վերջնականապես արգելել է իսլամի դավանությունը երկրում: << Սա վերջ կդնի իսլամական ազդեցությանը մեր երկրում>>- հայտարարել էր Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը: Մշակույթի նախարարի խոսքով այդ որոշումը անհրաժեշտ էր, քանի որ իսլամը հակասում է Անգոլայի սովորույթներին և մշակույթին: Նշենք, որ Անգոլայի 16 միլիոնանոց բնակչության գերակշռող մասը քրիստոնեություն է դավանում, իսկ մուսուլմանների թիվը կազմում է մոտ 90 հազար: Նրանց մեծ մասը Արևմտյան Աֆրիկայից եկած գաղթականներ են: Չնայած Անգոլայի սահմանադրությունը հռչակում է հավատքի ազատությունը, սակայն երկրի իշխանությունները պահանջում են, որպեսզի կրոնական համայնքները պաշտոնապես գրանցվեն Արդարադատության նախարարությունում, իսկ պաշտոնական գրանցման իրավունք ունեն միայն այն կրոնները, որոնց հետևորդների թիվը գերազանցում է 100 հազարը: Ի դեպ աֆրիկյան աղքատ երկրներից մուսուլմանները գնում են բուռն զարգացում ապրող Անգոլա: Անգոլան հարուստ է նավթով և ադամանդների հանքերով: Երկրի բյուջեի 75%-ը ստացվում է նավթի վաճառքից: Անգոլան մտնում է ադամանդների խոշորագույն արտադրողների ութնյակի մեջ: Բացի դա երկիրը հարուստ է պղնձի, երկաթի, ոսկու, ուրանի հանքավայրերով: Փորձագետների կարծիքով Անգոլայի իշխանությունների կողմից իսլամի արգելումը նպատակ ունի երկիրը պաշտպանել հնարավոր սադրանքներից: Մուսուլմանների թվի մեծացումը, իսլամական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը դեպի Աֆրիկայի արևմուտք կարող են անկայունացնել երկրի ներքին իրավիճակը, առավել ևս Անգոլան համեղ պատառ է համարվում ջիհադիստների համար: