Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին հաստատել է միասեռ ամուսնությունները օրհնելու հնարավորությունը: Մեկ ու կես տարի տևած բանավեճերից հետո այդ որոշումը ընդունվել է մայիսի 17-ին ֆրանսիական Սեթ քաղաքում կայացած սինոդի նիստում: Սինոդի հայտարարության մեջ ասված է. << Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին միասեռ զույգերին ընդունում է այնպիսին, ինչպիսին նրանք կան, սակայն հարգում է հակառակ կարծիքները: Եկեղեցու ղեկավարությունը հնարավոր է համարում միասեռ զույգերին օրհնելը, եթե նրանք ցանկանում են իրենց ամուսնությունը բերել Աստծո առաջ>>: Հայտարարության մեջ նշված է նաև, որ այն հովիվները կամ էլ եկեղեցական համայնքները, որոնք դեմ են նման ամուսնություններին, կարող են մերժել միասեռ զույգերին, քանի որ պարտադրված չեն կնքելու նման ամուսնությունները: Նշենք, որ միասեռ ամուսնությունները օրհնելու օգտին կողմ են քվեարկել սինոդի 94 անդամներ, իսկ դեմ `3-ը: Ի դեպ` Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին ստեղծվել է 2013 թվականին ավետարանական- լյութերական և ռեֆորմատորական համայնքների միավորման արդյունքում: Եկեղեցին ունի 270 հազար անդամ, 465 հովիվներ և 960 տաճարներ: