Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր հայտարարության մեջ խիստ բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացումը: Հայտարարությունում ասված է.<<Ընթացիկ տարվա հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հայտարարել է, որ միասեռ զույգերը սահմանադրական իրավունք ունեն ամուսնություն գրանցել ցանկացած նահանգում: Կարծում եմ, որ սա ԱՄՆ-ի քրիստոնեական պատմության ամենամռայլ և խայտառակ ամսաթիվն է>>: Եպիսկոպոս Ռյախովսկին նշել է, որ ներկայումս ականատես ենք լինում Սոդոմի վերածննդին: << Հանրությանը որպես կանոններ են պարտադրում այն, ինչը եկեղեցին մշտապես անվանել է մեղք և պղծություն: Համասեռամոլությունը անհամատեղելի է քրիստոնեության հետ, ինչի մասին ուղղակիորեն ասված է Աստվածաշնչում: Մենք ականատես ենք դառնում հասարակության գիտակցության մեջ կատարվող շրջադարձին: Փոխվում են հասարակական հիմքային արժեքները: Հարկ է նշել, որ հենց քրիստոնեության հիմքի վրա է մեր քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում զարգացել>>- ասել է Սերգեյ Ռյախովսկին: Նրա խոսքով` սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում բնակվող ավետարանական հավատքի քրիստոնյաների համար ԱՄՆ-ը թվում էին << Ավետյաց երկիր>>: Սակայն աշխարհում ամեն բան շատ արագ է փոխվում: Ռուսաստանը, որը ոչ վաղ անցյալում համարվում էր կոմունիստական անաստված գաղափարախոսության պատվարը, Ռոնալդ Ռեյգանի սահմանմամբ` <<չարի կայսրությունը>>, ներկայումս գլխավորում է մեղքի և անբարոյականության ագրեսիվ քարոզի դեմ մղվող պայքարը: << Ես շնորհակալ եմ Աստծուն մեր երկրի համար: Այժմ մենք պետք է աղոթենք Ամերիկայի համար, ինչպես մի ժամանակ ամերիկացիներն էին աղոթում Խորհրդային Միությունում արթնության համար: Եկել է մեր հավատքը ստուգելու ժամանակը: Մեր երկրի բոլոր առողջ ուժերը պետք է միավորեն ջանքերը ավանդական արժեքները պաշտպանելու համար, ընտանիքը պաշտպանելու համար, որպես մեր հասարակության հիմքի: Իսկ այն ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ում կարող ենք անվանել քաղաքական սոդոմ և խավարապաշտություն>>-եզրափակել է իր խոսքը Սերգեյ Ռյախովսկին: