Սերբիայի Ուղղափառ եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները միասնաբար բողոքել են պետական դպրոցներում կրոնի առարկայի դասավանդումը դադարեցնելու վերաբերյալ երկրի իշխանությունների մտադրության դեմ: Այս մասին տեղեկացնում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է. <<Որպես Սերբիայի ավանդական եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ մեր վրդովմունքն ենք հայտնում լուսավորության նախարար Սրջան Վերբիչի առաջարկի առնչությամբ, համաձայն որի կրոնի դասերը վերացվելու են պետական դպրոցներում: Մեր պետությունը պետք է լինի դեմոկրատիայի, իրավահավասարության և միջկրոնական համաձայնության օրինակ: Կարծում ենք, որ պարոն Վերբիչը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և հուսով ենք, որ Սերբիայի կառավարության պատասխանատու անդամները չեն աջակցի այդ առաջարկին>>: