Աշխարհի հինգ պետությունների մայրաքաղաքներում հազարավոր հիսունական քրիստոնյաներ բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի դեսպանատների առջև: Ցուցարարները իրենց աջակցություն են հայտնում նորվեգացի ծնողներին, որոնց երեխաներին վերցրել է սոցիալական ծառայությունը` ծնողներին մեղադրելով <<արմատական քրիստոնեության>> համար: Տեղեկացնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Նորվեգիայի երեխաների պաշտպանության սոցիալական ծառայությունը Մարիուս և Ռութ Բոդնարիու ամուսիններից վերցրել էր 3 ամսականից մինչև 10 տարեկան հինգ երեխաներին: Պատճառն այն էր, որ ընտանիքի ավագ դուստրը դպրոցում քրիստոնեական երգ էր կատարել: Ընտանիքի հայրը ռումինացի է և Ռումինիայի քաղաքացի, իսկ մայրը Նորվեգիայի քաղաքացի է : Այդ ընտանիքը Նորվեգիայում բնակվում է արդեն 10 տարի: Ներկայումս երեխաները գտնվում են երեք տարբեր ընտանիքներում: Ծնողները հայտարարել են, որ մինչ շարունակվում են դատական լսումները, սոցիալական ծառայությունը սկսել է երեխաներին որդեգրելու գործընթացը: Այս իրավիճակին արձագանքել են տարբեր երկրների քրիստոնյաները: ԱՄՆ-ում և Կանադայում ռումինացի հիսունականների միության փոխնախագահ, Չիկագոյից հովիվ Քրիստիան Իոնեսկուն Բոդնարիու ընտանիքին աջակցելու համար համացանցում հանրագիր է անցկացնում, որը արդեն ստորագրել է ավելի քան 53 հազար մարդ: Հունվարի 8-ին Վաշինգտոնում, Մադրիդում, Լոնդոնում, Կոպենհագենում և Դուբլինում Նորվեգիայի դեսպանատների առջև հազարավոր հիսունական քրիստոնյաներ բողոքի ակցիաներ անցկացրին: Վաշինգտոնում ցուցարարները դեսպանատան աշխատակիցներին հանրագիր տվեցին, որում պահանջում են Բոդնարիու ընտանիքին վերադարձնել երեխաներին: Հանրագիրը ստորագրել էին ամերիկյան եկեղեցիների ավելի քան 7 հազար անդամներ: Վաշինգտոնում բողոքի ակցիայի կազմակերպիչ, հովիվ Քրիստիան Իոնեսկուն լրագրողներին տված հարցարզույցի ժամանակ հայտարարել էր. <<Այն, ինչ որ նորմալ էր մի քանի տասնամյակ առաջ, հիմա արմատականություն է համարվում: Մարդիկ չեն կարողանում երեխաներին կրոնական դաստիարակոիթյուն տալ, չպետք է պատմեն Աստծո մասին, քանի որ դա վիրավորական է համարվում շատերի համար: Աստված մեր կողմից է , որովհետև Նա է ստեղծել ընտանիքը: Եթե պատրաստվում են պայքարել մեր և Բոդնարիու ընտանիքի դեմ, ապա պայքարում են Աստծո դեմ>>: