Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Հռոմ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայի պատրիարքության եկեղեցական արտաքին կապերի բաժնի նախագահ, միտրոպոլիտ Իլարիոնը հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հետ: Միտրոպոլիտը Պապին հաղորդել էր Ռուս եկեղեցու Պատրիարք Կիրիլի ողջյունները: Հանդիպման ժամանակ քննարկվել էին բազմաբնույթ հարցեր, այդ թվում քրիստոնյաների աղետալի վիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Միտրոպոլիտը և Պապը համակարծիք են եղել, որ արդի աշխարհում ավանդական ընտանիքի պաշտպանության համար անհրաժեշտ է միասնաբար գործել: Անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ եկեղեցիների համագործակցության հարցին: Ի հիշատակ հանդիպման կողմերը նվերներ էին փոխանակել: Կաթոլիկ Հովվապետը միտրոպոլիտ Իլարիոնին և պատվիրակության մյուս անդամներին նվիրել էր իր հովվապետության առթիվ հատած մեդալը: Իսկ միտրոպոլիտ Իլարիոնը Պապին նվիրել էր Հիսուս Քրիստոսի հինավուրց սրբապատկերի մեծ վարպետությամբ կատարված կրկնօրինակը: