Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` հրեական ծագումով խորվաթցի պրոդյուսեր Բրանկո Լուստիգը համաշխարհային մեծ ճանաչում ունեցող << Շինդլերի ցուցակը>> ֆիլմի համար 1993 թվականին ստացած <<Օսկար>> մրցանակը հանձնել է Երուսաղեմի Հոլոքոստի զոհերին նվիրված Յադ վա Շեմ հուշահամալիր թանգարանին: 83 ամյա Լուստիգը ապրել է Հոլոքոստի ողջ սարսափները: Նա կալանավոր էր եղել Օսվենցիում և Բերգեն Բելզեն համակենտրոնացման ճամբարներում: <<Շինդլերի ցուցակը ֆիլմով ես ցանկանում էի արտահայտել այդ սարսափելի ժամանակաշրջանի իմ զգացումները: Ցանկանում էի ցույց տալ այն ամենը, ինչ սեփական աչքերով եմ տեսել: Օսկարի մրցանակը ինձ համար դարձել է Հոլոքոստի զոհերի հիշատակի և փրկվածների խորհրդանիշը: Մրցանակը վկայում է այն մասին, որ մենք` փրկվածներս կատարել ենք միլիոնավոր զոհերի խնդրանքը` աշխարհին պատմել այն, ինչ որ կատարվել է փշալարերի ետևում>>-հայտարարել էր պրոդյուսերը Յադ վա Շեմ հուշահամալիրում մրցանակի հանձնման արարողության ժամանակ: