Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը դիմել է Շվեդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ, կին Արքեպիսկոպոս Անթյե Յակելենին և ասել. «Չի կարելի լռել կամ էլ անտեսել ընտանիքի, ամուսնության, սեռական կյանքի հետ կապված հարցերը`վախենալով, որ դա կարող է վնասել էկումենիկ համաձայնությանը»: Պապի կարծիքով, եթե այդ կարևորագույն հարցերի պատճառով առաջանան դավանաբանական տարաձայնություններ, ապա դա մեղք կլինի: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Գերմանիայի Ավետարանական- լյութերական եկեղեցու պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապը դարձյալ բարձրաձայնել էր այս թեզիսը: Խնդիրն այն է, որ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու և Շվեդիայի Լյութերական եկեղեցու շփումների համար հատկապես կարևոր նշանակություն ունեն բարոյական հարցերը, քանի որ Շվեդիայի Լյութերական եկեղեցին դեռևս 2009 թվականին թույլատրել էր միասեռ ամուսնությունները` այդ թվում հոգևորականների համար: Անդրադառնալով Ռեֆորմացիայի 500 ամյակին, որը նշելու են 2017թվականին, Ֆրանցիսկ I-ը ցանկություն է հայտնել, որ այն դառնա միաբանությանը ուղղված ևս մեկ քայլ և նշել, որ այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու: Կաթոլիկ Հովվապետը շեշտել է բարեգործության ոլորտում կաթոլիկների և մյուս հարանվանությունների ներկայացուցիչների համագործակցության կարևորությունը, հատկապես «հալածվող քրիստոնյա եղբայրներին և քույրերին ցուցաբերվող օգնության հարցում»: