Լիտվայի խորհրդարանի խոսնակ Լորետա Գրաուժինենեն հայտարարել է, որ լիտվացիները պատրաստ չեն միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին նա ասել էր ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում: <<Կարծում եմ, որ մեր հասարակության տարեց անդամները, ովքեր չեն հասկանում և չեն ընդունում այդ ամենը, արժանի են հարգալից վերաբերմունքի: Կարիք չկա վրդովել մեր հասարակությանը>> ասել էր խորհրդարանի խոսնակը, ով ներկայացնում է իշխող <<Աշխատանքի կուսակցությունը>>: Նշենք, որ վերջերս Լիտվայում մեծ արձագանք էր առաջացրել այն դեպքը, երբ Ստրասբուրգի դատարանը քննարկել էր և բացատրություն պահանջել Իտալիայից, թե ինչու այդ երկրում դատական կարգով չի ճանաչվել միասեռ ոչ մի ամուսնություն: Ստրասբուրգի դատարանի կարծիքով դա խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:Այդ առնչությամբ Լորետա Գրաուժինենեն ասել էր, որ դատական կարգով նման ամուսնությունները չպետք է վավերացվեն այն երկրներում, որտեղ պատրաստ չեն օրինականացնել միասեռ կապերը: Ներկայումս Լիտվայում միասեռ կապերի օրինականացման առաջարկով հանդես են գալիս սոցիալ դեմոկրատները և լիբերալները, սակայն քաղաքական մեկնաբանների կարծիքով, այդ նախաձեռնությունը աջակցություն չի գտնի խորհրդարանում: